«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ տնօրեն Վլադիմիր Յակունինը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը արդյունավետ չէ և հեռանկարներ չունի, ավելի պատկերավորության համար բացատրել էր՝ «Դա նույնն է, թե հարևան տան պատի վրա պատուհան բացես»: Բայց հետո ինչ-որ փոփոխություն եղավ, և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը որոշեց մի թեթև բացատրել իր հոռետեսությունը և հընթացս փոխել տեսակետը: Այս անգամ «ՌԵ»-ն աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևոր համարեց Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագիծը, բայց հիմա էլ ընդգծեց, որ կառուցումն առանց պետական աջակցության բարդ է։ «Ռուսական երկաթուղիները» կարծում է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից այդ նախագիծը Հայաստանի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի երկիրը եվրասիական և համաշխարհային տրանսպորտային համակարգին ինտեգրելու առումով։
Միաժամանակ, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, հաշվի առնելով մեծ արժեքը և նման մասշտաբի նախագծերի ծախսերի փակման երկար ժամկետները, դրանց իրականացումը առանց պետական աջակցության շատ բարդ է։
Ռուսական միջազգային փորձը ցույց է տալիս, որ ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների պետական աջակցությունը էական բազմապատկիչ արդյունք է ունենում արդյունաբերության համար և շատ կարևոր նշանակություն ունի տնտեսության կայուն զարգացման համար»՝ պաշտոնապես հայտարարեց «ՌԵ»-ն:
Ռուսական միջազգային փորձը ինչ է ցույց տալիս իրականում, համենայն դեպս՝ Հայաստանում գործող ռուսական ընկերությունների փորձով, լավագույնս վկայում է ոչ միայն «ՌԵ»-ի գործունեությունը, որ փաստացի ձախողել է երկաթուղու աշխատանքը Հայաստանում, այլև ՀԷՑ-երի կառավարման ոդիսականը, որի մասին որքան ավելանում են մամուլի հրապարակումները, այնքան արդիական է դառնում ՀԷՑ-երի պետականացման անհրաժեշտությունը: Գուցե դա կլինի առաջին դեպքը, որի համար հարկ կլինի օրենք ընդունել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-երի ներկայացրած էլեկտրաէներգիայի թանկացման հայտից հետո ոլորտի ուսումնասիրությունը փաստեց, որ նույնիսկ մարդկային գործոնը և անարդյունավետ կառավարումը բացառելով՝ ոլորտին պետք է նոր ռազմավարություն և պետական կառավարում: Շատ հեշտ է մեղադրել Եվգենի Բիբինին, Երվանդ Զախարյանին, Ռոբերտ Նազարյանին, նույն պաշտոններում նրանց նախորդներին, բայց ոչ մի երաշխիք, որ գործող համակարգում այլ կառավարիչ, այլ նախարար, այլ նախագահ կարող են ու կընդունեն տարբեր որոշումներ: Հայաստանի էներգետիկ տնտեսությունը վերակառուցման, էներգաարտադրող հատվածների համամասնությունների վերահաշվարկի անհրաժեշտություն ունի, աէկի, հէկերի, ջէկերի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալի, ժամկետների ու գնի ճշտման, համակարգում նոր տեխնոլոգիաների ներդրման ու կառավարման նոր համակարգի միջոցով միայն հարցը ժամանակի մեջ հնարավոր է այնպես լուծել, որ էլեկտրաէներգիան ոչ թե դամոկլյան սուր դառնա տնտեսության գլխին, այլ իջեցվի սակագինը: Հաշվարկներ, ժամանակ, ներդրումներ, քաղաքական որոշում՝ այլ տարբերակ գործնականում չկա, եթե հարցն ուզում ենք լուծված տեսնել, ոչ թե հետևանքների հետ պայքարել՝ փոխհատուցում սոցիալապես անապահով խավերին, նոր կառավարիչ կամ նոր սեփականատեր: Այս պայմաններում որևէ գործը հասկացող բիզնեսմեն չի ցանկանա ձեռք բերել ՀԷՑ-երը իբրև դանայան տակառ, որտեղից ջուր են վերցնում բոլորը, իսկ վճարում է սպառողը, հավելած, որ տակառներն էլ ընդամենը խողովակ են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բացի Եվգենի Բիբինի «Ռեգնումին» ու «Արմինֆոյին» տված հարցազրույցներից և խորհրդարանում փակ քննարկման ժամանակ ունեցած ելույթից՝ ռուսական կողմը փաստացի հրապարակային որևէ բացատրություն չի տվել ՀԷՑ-երի ներկայի ու ապագայի մասին, մինչդեռ քննարկումներ եղել են: Էլեկտրաէներգիայի թանկացումը պահանջված գնից էժանացնելը հարցի լուծում չէ: Միանշանակ՝ ոչ մի երաշխիք, որ մեկ տարի անց նույն պատմությունը չի կրկնվելու: Դժվար է հավատալ, որ Եվգենի Բիբինը Վլադիմիր Յակունինի նման հեշտությամբ տեսակետը կփոխի՝ առանց Մոսկվայից ցուցումի, իսկ Մոսկվան թե անարդյունավետ կառավարման, թե կոռուպցիայի, թե նոր տեխնոլոգիաների անհասանելիության սեփական պատմությունն ունի: Քաղաքական կամքի ու ներդրումների բացակայության մասին արդեն ավելորդ է խոսել: Իբրև ապացույց՝ հիշեք «Գույք` պարտքի դիմաց» Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունները: